Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը: Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, ուղեբեռում հայտնաբերվել են սուր հոտով, հաշիշի յուղի նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: