Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին:
Նիկոլ Փաշինյան – Մեր երկիրն անցել է խորհրդարանական ընտրությունների միջով բավական լարված իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ որ լիարժեք ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրությունը բարձր գնահատեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մեր ընդդիմախոսներից շատերն ասում էին, որ դուք, այսինքն՝ մենք, 2018 թվականին այսպես ասած, ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունեիք, որովհետև արդյունքներն ի սկզբանե բոլորին ակնհայտ էր: Եվ այս առումով նույնպես, կայացած ընտրությունները ես համարում եմ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը, որովհետև պիտի խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքներն ամենևին էլ կանխատեսելի չէին, այլ, ընդհակառակը, անկանխատեսելի էին:
Բայց, կարծում եմ, շատ կարևոր է այն արձանագրումը, որ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը քաղաքական կամք և սկզբունքայնություն դրսևորեց և ապահովեց քաղաքացիների լիարժեք կամարտահայտությունը և ընտրությունների մրցակցայնությունը, ինչն արձանագրված է միջազգային հանրության կողմից: Եվ, ընդհակառակը, եթե ընտրությունների արդյունքների վրա ակնհայտ ապօրինի ազդեցություն գործելու ինչ-որ դեպքեր արձանագրվեցին, ապա դրանք որոշ դեպքերում արձանագրվեցին հենց ընդդիմության ներկայացուցիների կողմից:
Ամեն դեպքում, պարոն Հայրապետյան, ես այսօր ուզում էի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և ավելի հասանելի լինեն միմյանց համար: Շնորհակալ եմ:
Միքայել Հայրապետյան – Նախ, մեզ համար՝ «Պահպանողական կուսակցության» համար, բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ մենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով մեր նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: Այնպես որ, այդտեղ խնդիր չկա՝ այո, վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները: Բայց, ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա: Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի:
Նաև հայկական ներուժի համախմբման խնդիր ունենք, թվային Հայաստանի, նոր, արդի աշխարհի հետ խոսող Հայաստանի խնդիր ունենք այսօր: Դա մարտահրավեր է: Այլապես մեր էթնոսը նոր ստեղծվելիք, արդեն իսկ շունչը զգացվող այս տարածաշրջանում ապագա չի կարող ունենալ: Մենք պետք է արդիականացվենք, բայց ոչ հիմնական արժեքները կորցնելով: Եվ այստեղ հիմնարար է հոգևոր անվտանգությունը, որը, ցավոք, մինչ այսօր բաց է մնացել:
Եվ այն, որ Չարենցն ասում էր՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», մենք այդ ուժ հասկացության վերասահմանման խնդիր ունենք: Վստահ եմ, որ Չարենցն էլ բազկի ուժի մասին չէ, որ խոսել է, այլ մտքի և ոգու ուժի մասին, որն այսօր հնարավոր է իրականացնել: Իսկ դա հնարավոր է բացառապես նոր իշխանության նախընթաց քայլեր անելու շնորհիվ: Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք: Ինչպես որ Գարեգին Նժդեհն էր ասում՝ անկախ հայրենիքի վարչակազմից, հայրենիքին ծառայել է պետք, հայրենիքը սիրել է պետք, հայրենիքը մեր ընդհանուրն է, և մենք՝ Պահպանողականներս, պատրաստ ենք լծվելու այդ դիմագրավելու գործին: Շնորհակալություն:
Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: