ՀՀ ոստիկանությունը հայտել է, որ նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին 13 տարեկան աղջիկ էին առևանգել, ինչի մասին ահազանգել էր վերջինիս մայրը:
«Պարզվել է, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։
Նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ է ստացվել՝ այս անգամ անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամների կողմից: Վերջիններս հաղորդել են, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։
- Ոստիկանությունը ապօրինի թմրամիջոց օգտագործելու դեպք են հայտնաբերել
- Ովքե՞ր են Քանաքեռում սպանվածները․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվել և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման են ենթարկվել նաև նրա ընկերները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: