Անծանոթները, երբեմն, կամա թե ակամա, իրենց տեսակետով կամ գործողություններով մեզ ավելի շատ բան են բացահայտում մեր մասին, քան մենք ինքներս ենք տեսնում, գործելով որպես լակմուսի թուղթ՝ հանրային կամ անհատական մակարդակում, անկախ մեր պատմության կամ խնդիրների նրանց իմացության աստիճանից։
Ֆրանսիայում նախագահական հաջորդ ընտրությունների թեկնածու Էրիկ Զեմուրի այցը Հայաստան այս իմաստով բացառություն չէր, այլ մեր ցավալի ճշմարտություններից մեկի վերահաստատումը՝ այն անդունդը, որ բաժանում է Հայաստանի հայությանը և Ֆրանսիայի հայկական սփյուռքին՝ ահռելի է։
Էրիկ Զեմուրը ժամանեց Հայաստան 2021-ի սեպտեմբերի 11-ին՝ չորսօրյա այցով։ Նրա պաշտոնական հաղորդագրումը նշեց, որ այս այցի նպատակն է վերահաստատել իր «աջակցությունը հայ ժողովրդին, ով ծանր պատերազմի զոհ է», որպեսզի «հանդիպի Հայաստանում ֆրանսիական տնտեսական գործընկերներին», նշվում էր նաև այցի «պատմա-մշակութային և գեոպոլիտիկ» հարթությունը։ Նրա այցի ծրագիրը «կպահվի գաղտնի», ասվում էր հաղորդագրությունում, անվտանգության նկատառումներով…
Նրա ժամանումն ուղեկցվեց մի խումբ ֆրանսիացիների ու ֆրանսահայերի ցույցով օդանավակայանում ու Ֆրանսիայում հրապարակվող հայկական լրատվականների խիստ տարօրինակ մի քանի հոդվածներով։ Այն, որ Հայաստանն այնպիսի հյուրընկալ երկիր է, որ այստեղ բոլոր էմիգտրանտները, այդ թվում ֆրանսիացիները, իրենց զգում են ինչպես տանը, և կարող են նաև ցույցեր անել իրենց երկրի քաղաքական գործչին կողմ կամ դեմ, սա միայն Հայաստանի լայնախոհության մասին է խոսում։ Սակայն այդ ցույցերի հայ մասնակիցներին, ցավոք կարիք կա կարծես թե հիշեցնելու, որ Հայաստանն առանց ներֆրանսիական քաղաքական խնդիրների էլ ճկվում է սեփական խնդիրների տակ, ուստի բերել Հայաստան հասցնել Ֆրանսիայի ձեր քաղաքական օրակարգերը և Հայաստան այցելող բարեկամ հյուրին երկուկոպեկանոց ցույցով ընդունել, դրանով ստվերելով մեր, հայաստանցիներիս հյուրասիրութունն ու հյուրընկալությունը, մեղմ ասած՝ անբարոյականություն է։ Հուսամ, որ Պրն Զեմուրը հասկացավ, որ այդ ցույցերն ու էժանագին «մեր ցավը ձեզնով մի արեք» (այո այո, այս աստիճանի գրոտեսկային տեքստեր են գրվել ֆրանսիայի հայկական մամուլում) տարակուսելի հոդվածները հայաստանցիներիս հետ կապ չունեին, ու ֆրանսիայի հայազգի ձախականների վերսահմանային հոգեխառնմունքի արգասիքն էին սոսկ։
Ուստի նշենք, որ Էրիկ Զեմուրի գալուստը բարի է Հայաստան, ինչպես և ցանկացած այլ քաղաքական, հասարակական գործչի, անհատի, մարդու գալուստը, ով Հայաստան է գալիս խաղաղությամբ։ Ֆրանսիայի նախագահական մյուս թեկնածուները ևս կարծես թե պատրաստվում են գալ Հայաստան, հուսամ այս անգամ մեր ֆրանսահպատակ հայազգի բարեկամները իրենց ավելի պատշաճ կպահեն Հայաստանի Հանրապետությունում։
Էրիկ Զեմուրը, հայ ընթերցողին անծանոթ, հայտնի է Ֆրանսիայում որպես լրագրող, պոլեմիստ, ունի հրատարակված մի քանի գիրք և բազում աշխատություններ։ Քաղաքական ուղղվածությունը աջ է։ Իր ելույթներում նշում է իր հիացմունքը Նապոլեոնի, Դը Գոլի և… Պուտինի նկատմամբ։ Յութուբյան փնտրտուքներումս հանդիպում եմ մի հարցազրույցի, ուր նա նշում է, որ ցանկանում է, որ « Ֆրանսիան ունենա Պուտինի պես ղեկավար»։ Հարցազրույցը 2018 թվականի է, հետաքրքիր է, արդյոք՞ Պրն Զեմուրը դեռ նույն կարծիքին է։ Ակամայից մտքիս են գալիս Զեմուրի ռուսազգի կոլեգաներ Նեմցովը, Պոլիտկովսկայան, Նովոդվորսկայան, մի քանիսը միայն հարյուրավոր ռուս լրագրողներից և հանրային գործիչներից, սպանված 1999-ից… որքա՞ն է Պրն Զեմուրի իմացության աստիճանը Սովետական միության ու պոստսովետական տարածքների պատմության և բարքերի։ Այս հարցն ինձ հանգիստ չի տալիս։
Լսում եմ նրա խոսքը այցելության առաջին օրը, Խոր Վիրապում՝ տպավորված Պատարագից և Հայաստանի հմայքի ներքո։ Նրա շուրջը, կադրում, պտտվում են Ֆրանսիական դիասպորայի տարատեսակ ներկայացուցիչներ, հայաստանցիներ կարծես թե չկան։ Զեմուրի ականջին շշնջացողների ինքնությունը կարծես հստականում է, նրա հաջորդ օրերի հանդիպումների դերակատարների ցուցակը, նրա շեշտադրումների ուղղվածությունը դարձնում հասկանալի… Եվ նրա չորս օրվա այցի հանդիպումների ընթացքում վերստին ի հայտ են գալիս մեր կրկնվող խնդիրները՝ ինքնության, տեսլականի, հաղորդակցության, կազմակերպման, առաջնահերթության, ենթատեքստի ըմբռնման, ներկայացման, ինքնագնահատման և հայ քաղաքական մտքի ու կյանքի ողջ թշվառությունը… ինչպես նաև խորքային դիսոնանը Հայաստանի հայերի և սփյուռքահայերի միջև։
Ո՞վ է ողջունում պարոն Զեմուրին Հայաստանում։
Ո՞վ կընդունի նրան կառավարությունից, որ խոսի մեր երկրի խնդիրների մասին։
Իսկ ընդդիմությունի՞ց։
Ցեղասպանության հուշարձանից բացի ի՞նչ վայրեր է նա այցելելու։
Նրա հանդիպումների տարեգրությունը դատարկություն է թողնում և նրա հրաժեշտի տեսանյութը՝ Արարատ, ցեղասպանություն, քրիստոնեություն, հաստատում է,թե ինչ է նա իր հետ տանելու որպես հուշ Հայաստանից։ Այն, ինչ այսօր ներկայացնում է Հայաստանը միջազգային հանրության աչքում՝ Արարատ, ցեղասպանություն, քրիստոնեություն…
Հայաստան իր այցելության առաջին ժամերին Զեմուրը բառ առ բառ կրկնում է ֆրանսիացի փիլիսոփա, հայ ժողովրդի իրական ու մեծ բարեկամ Միշել Օնֆրեի փիլիսոփայական հայացքը Արցախյան ու հայկական խնդրին, այն դիրքավորելով քաղաքակրթական բախման եզրույթում։ Այս խոսույթը, այդքան արժեքավոր փիլիսոփայի շուրթերից, ֆալշ տոնայնություն է ստանում քաղաքական գործչի բերանում, ընտրություններից առաջ, քանզի լինել քաղաքական գործիչ և դիտարկել Հայաստանյան խնդիրները, հատկապես 44 -օրյա պատերազմն ու Հայաստանի Հանրապետության երեսնամյա անկումը բացառապես կրոնական պրիզմայով՝ տեղեկատվության թերիության արգասիք է։ Սակայն արդյո՞ք սա Պրն Զեմուրի խնդիրն է, թե հայկական սփյուռքի սպասելիքների ցուցիչը։ Քանզի այդ «վարանումը»՝ քաղաքական վերլուծությունում ավելի հեռուն գնալու, խիստ «սփյուռքական» է, ու առանձնապես կապ չունի հայաստանյան քաղաքական իրականության հետ։
Քանզի Հայաստանը չի պարտվում կրոնական պատերազմում։ Արցախյան պատերազմը կրոնական ակունք չունի, այլ Սովետական ժառանգության՝ տարածաշրջանային ու քաղաքական։ Իսկ որպես սուվերենիստ, հեշտ է հասկանալ, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը Թուրքիային, կամ Ադրբեջանին չի պարտվում, այլ՝ Ռուսաստանին, որն արդեն հարյուր տարի է ինչ «սպիտակ ցեղասպանություն» է իրագործում Հայաստանում։ Եվ երբ Պրն Զեմուրն ասում է՝ « Պատերազմը կանգնեց Ռուսաստանի շնորհիվ», ցանկություն կա հարցնել նրան, « Իսկ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ձեր կարծիքով»։ Այո։ Ճիշտ եք։ Նա, ով թույլ է տվել, որ այն սկսվի։ Սակայն այս թեման տաբու է ռուսական շահին ծառայող տարատեսակ հայկական խմբավորումների համար՝ Հայաստանում և Սփյուռքում, իմպերիալիզմի նկատմամբ թուլություն ունեցող «սուվերենիստների» համար ևս։
Սակայն արդյո՞ք այս ճշմարտությունները, որոնք մենք կցանկանայինք հասկանալի տեսնել մեր օտարազգի բարեկամների կողմից, լավ են հասկացված և յուրացված մեր իսկ կողմից։ Մի՞թե ուրիշներն են մեղավոր, և միշտ ուրիշները, որ մենք 100 տարուց ի վեր չկարողացանք աշխարհին այլ բան հաղորդել, քան 1915-ի ցեղասպանությունն ու առաջին քրիստոնյա ազգը լինելու փաստը։ Կարո՞ղ ենք վերջապես ինքներս մեզ խոստովանել, որ Հայաստանի պարտությունը վերջին պատերազմում տեխնիկական էր, ռազմավարական, քաղաքական, ինտելեկտուալ։ ՄԵՐ ինտելեկտուալ ձախողումն էր։
Հայաստանի պարտությունը քաղաքական է, ոչ թե կրոնական, այն տեխնիկական է, ռազմավարական, մասնագիտական, այդ թվում նաև՝ սխալ գործընկերների ընտրությամբ պայմանավորված, այն դիվանագիտական է, տասնամյակներ տևած անորակ դիվանագիտական մտքի ու այլ երկրների հետաքրքրություններին ծառայող թույ ու թուլակամ դիվանագետների պատճառով, ովքեր ներկայացրել ու ներկայացնում են Հայաստանը տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Ֆրանսիայում։ Մինչև օրս։
Հայաստանի պարտության ու Հայոց Պետության կորստի վտանգները բազում են, այնպիսի ինտելեկտուալ անհատի համար, ինչպիսին Էրիկ Զեմուրն է, դրանք տեսնելը ժամանակի հարց է, ընդամենը։ Իսկ հայաստանցիների, ու, նամանավանդ, սփյուռքահայերի համա՞ր։
Մինչդեռ Հայաստանն իր քաղաքակրթական ընտրությունը միշտ ճիշտ է արել։ Հայաստանն ու հայաստանաբնակ ժողովուրդը ընտրել ու ընտրում է ազատությունն ու ժողովրդավարությունը, մի ընտրություն, որը պոստսովետական ծիրում անընդունելի ու աններելի է։ Հայաստանի Հանրապետության Արցախյան պատերազմում պարտության ակունքները իսլամի ու Թուրքիայի պատմության մեջ չեն սոսկ, այլ Սովետական Միության ու Ռուսաստանի, որին կցված է Հայաստանն արդեն հարյուր տարուց ավել, ու խեղդվում է հենց այս քաղաքակրթական ճահճում։ Արդի արևմտյան կեղծ ժողովրդավարության ու դրան «հակադրվող» տարածաշրջանային անկեղծ բռնապետության մեջ ընտրության պարզեցված տարբերակում Հայաստանը ցանկանում է դիրքավորվել ժողովրդավարական Պետությունների շարքում, և հենց այս ընտրության պատճառով է, որ հարևան երկու իմպերիաների բռնապետները մասնատում են Հայաստանը։
Ես համակրում եմ Էրիկ Զեմուրին, միշտ հետաքրքրությամբ հետևել եմ նրան։ Նրան համարում եմ շատ համարձակ մարդ, քանզի այն շեշտադրումներն ու ճշմարտությունները որ նա է բարձրացնում Ֆրանսիայում, նրան դարձնում են իսլամիստների, և ծայրահեղական այլ խմբավորումների թիրախ. հենց նույն Հայաստան այցը, պատկերացնում եմ ադրբեջանական լոբբիի «ջիհադը», որ հայտարարվելու է Զեմուրին, ինչպես լինում է ցանկացած Հայաստանը բացահայտ ու շարունակաբար աջակցող մարդու նկատմամբ։
Վստահ եմ, որ Պրն Զեմուրին այս այցը Հայաստան փոխելու է, ինչպես իրենից առաջ շատերին, և մենք սիրով կսպասենք նրա հաջորդ այցելություններին Հայաստան։ Պրն Զեմուրին մաղթում եմ ուժ և համբերություն, և Ֆրանսիայի համար առանձնապես չեմ անհանգստանում։ Ֆրանսիան, այդ երիտասարդ, էներգիկ, բազմաքանակ ու խելամիտ մարդկանցով լի Պետությունը կգտնի ելքեր իր խնդիրների, Ֆրանսիան, որը մենք այդքան սիրում ենք, կհառնի ու կհարատևի, ով էլ որ ընտրվի ապրիլի ընտրություններին։
Ինչ վերաբերվում է Հայաստանին, այնքան ժամանակ, քանի դեռ մենք քաջություն չունենք առերեսվելու մեր իրականությանը, ճանաչելու մեր խնդիրներն ու թերությունները, քանի դեռ կառչում ենք գոյություն չունեցող անցյալից, քանի դեռ վազում ենք քիմերի հետևից, քանի դեռ ընտրում ենք մեր դաշինքներն առաջնորդվելով զգացմունքներով և ոչ թե բանականությամբ, քանի դեռ չենք տարբերելու մեր իրական բարեկամներին, կեղծերից, և , նամանավանդ, քանի մենք ինքերս մեր հայրենակիցների հետ անընդունակ ենք հաղորդակցվել ու համաձայնվել՝ մեր ապագան մնում է և կմնա առավել քան անորոշ։