«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը գրառում է արել Facebook-ի իր էջոմ՝ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ:
«Սիրելի’ քաղաքացիներ,
Շնորհավորում ենք բոլորիս մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Սահմանադրության առաջին հոդվածը, որը փոփոխման ենթակա չէ (Հոդված 114), հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
ՀՀ Սահմանադրությունը հիմնարար փաստաթուղթ է՝ որպես մեր անկախության եւ հետագա զարգացման օրակարգի երաշխիք, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք անվերապահորեն հավատարիմ լինել Սահմանադրության տառին եւ ոգուն, քանզի Սահմանադրությամբ ապրելը ո՛չ թե պարտականություն է, այլ ազատ մարդու առավելություն:
Հենց այդ գիտակցումով էլ 1995 թվականի այս օրը հայ ժողովուրդը կատարեց իր անվիճարկելի ընտրությունը՝ ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, որի արդյունքում մեր պետությունն արտահայտեց քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով շարժվելու իր հաստատակամությունն ու վճռականությունը:
ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին` ասվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում, եւ սա է միակ գիտակցումը, որ պետք է ուղենիշ լինի ցանկացած իշխանության համար, քանզի մեր բարձրագույն արժեքն ու ամենամեծ կապիտալը ՀՀ քաղաքացին է, իսկ պետության և հասարակության զարգացման կարևոր երաշխիք հանդիսացող Սահմանադրությունը պետք է գործի եւ իրացվի միմիայն ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու բարօրության ու համերաշխության, միջազգայնորեն հռչակված սկզբունքներին համահունչ՝ մարդու հիմնական ազատությունները եւ իրավունքները պաշտպանելուն»։