ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:
Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում .
– Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը՝ այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին:
– Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:
– Բայց դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել:
– Ոչ, որովհետև նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որևէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի:
– Բայց Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ…
– Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, և մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։
– Բայց ճշգրիտ լինելու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից:
– Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈՒ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ:
– Այսինքն՝ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չե՞ն լինելու ԼՂ-ում:
– Ոչ: Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու:
– Իսկ պայմանագրայիննե՞ր:
– ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաև պայմանագրայիններ:
– Նաև Հայաստանի՞ց:
– Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում: