Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետևյալ մեխանիզմով։ Առանց քննության վարորդական իրավունքի վկայականներ ստանալու պատրվակով նրանք քաղաքացիներից պահանջել էին 125-250 հազար դրամ, այնուհետև տրամադրել վարորդական իրավունքի կեղծ վկայականներ՝ հափշտակելով ընդհանուր 875 հազար դրամ:
- ՄԻՊ–ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
- Ոստիկանություն էր զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքը
Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ, հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, երկու անձ էլ ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ի դեպ, սա վարորդական իրավունքի վկայականներ ստանալու հետ կապված խարդախության առաջին դեպքը չէ: Մեր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել բացառապես օրինական ճանապարհով: