Եվրամիությունը (ԵՄ) պետք է ստեղծագործական նոր ուղիներ գտնի հակառուսական պատժամիջոցները մեծացնելու համար, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի՝ զենք արտադրելու կարողությունը։ Այս մասին հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին, փոխանցում է Reuters-ը։
Նախարարի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է խստացնեն պատժամիջոցները, որպեսզի փակեն դրանք շրջանցելու հնարավորությունը, ինչպես նաև թիրախավորեն ռուսական քարոզչական գործակալությունները։ Միևնույն ժամանակ, Լիպավսկին նշել է, որ Բելգիայի և Հունգարիայի առարկությունը ադամանդի առևտրի և Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության արգելքի վերաբերյալ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն չի կարողանա միաձայնության հասնել քայլեր ձեռնարկելիս։
Արտգործնախարարը նաև աջակցել է Ուկրաինային սպառազինելու ԵՄ ֆինանսավորման ավելացմանը։ «Հակամարտությունը դադարեցնելու համար մենք պետք է զինենք Ուկրաինան։ Որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել իրեն, իսկ Ռուսաստանը չկարողանա իրականացնել իմպերիալիստական ծրագրերը և տարածք գողանալ»,- ասել է նա։