«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ, և դա արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ»:
Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցադրմանը, ըստ որի՝ եթե ՌԴ խաղաղապահները 2025 թվականին դուրս գան Լեռնային Ղարաբաղից, ապա այլընտրանքային ի՞նչ մեխանիզմներ է ձեռնարկելու հայկական կողմը՝ ԼՂ հայերի անվտանգությունն ապահովելու համար:
«Այդ որոշման մեջ ասվում է, որ ՌԴ դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս խաղաղապահ զորախումբ գործուղել ԼՂ՝ այնտեղ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար: Այս ձևակերպումը վերցված է ՌԴ նախագահի դաշնային ժողովին այդ առիթով հղած դիմումից»,- հավելեց Կառավարության ղեկավարը:
Ըստ նրա՝ եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա. «Որովհետև եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել: Իսկ եթե չկա նման վտանգ, նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմների շրջանակում գտնվել է արդյունավետ, և կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության կարիք այլևս չկա»: