fbpx
Առողջապահություն

Սուրճը նվազեցնում է մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը․ հետազոտություն

Հարվարդի Հանրային առողջության դպրոցի սննդի և համաճարակաբանության պրոֆեսոր Ֆրենկ Հուի կատարած ուսումնասիրության համաձայն՝ սուրճը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, գրում է gazeta.ru-ն։
Գիտնականները պարզել են, որ սուրճի չափավոր (օրական մինչև հինգ բաժակ) գործածությունը կապված է սրտի հիվանդությունների, լյարդի քաղցկեղի, էնդոմետրիալ քաղցկեղի, Պարկինսոնի հիվանդության և դեպրեսիայի զարգացման վտանգի նվազեցման հետ:

Այս արդյունքները ստացվել են 25-75 տարեկան ավելի քան 208 հազար մարդու մասին տեղեկատվության վերլուծությունից հետո։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել հետազոտվողների առողջության և սննդային սովորությունների մասին, ինչից հետո անցել են դիտարկման փուլին։

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար սուրճ են խմում, ավելի քիչ են բախվում հոգեկան խանգարումների, սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի խնդրին։ Ավելին՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առանց կոֆեինի սուրճը ևս նման դրական ազդեցություն է ունենում:

Այնուամենայնիվ, դեռ լիովին պարզ չէ՝ ինչու է սուրճն այդքան առողջարար ըմպելիք: Պրոֆեսոր Հուն, մեկնաբանելով հետազոտության արդյունքները, նշել է, որ սուրճը շատ «բարդ» ըմպելիք է։ Այն պարունակում է հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կենսաբանական ակտիվ միացություններ, և այդ իսկ պատճառով դժվար է բացահայտել դրանցից յուրաքանչյուրի անհատական ազդեցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ