fbpx
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը Ուկրաինային օգնության նոր օրինագիծ է հրապարակել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին օրինագիծ է հրապարակել։ Փաթեթը ենթադրում է Կիևին ավելի քան 60 միլիարդ դոլարի հատկացում, ATACMS հեռահար հրթիռների մատակարարում և անցում վարկային համակարգի։

ATACMS-ը կարող է խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։ Կիևը վաղուց է խնդրել նման հեռահար հրթիռներ։

Դեռ անցած տարվա հոկտեմբերին Կրեմլը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ATACMS հեռահար հրթիռների մատակարարումները Ուկրաինային վնասակար են և լրացուցիչ վտանգ են ստեղծում, սակայն Ռուսաստանը կկարողանա հետ մղել նման հարձակումները։

Փաստաթղթի համաձայն, սակայն, ԱՄՆ նախագահը կարող է հետաձգել հեռահար հրթիռների մատակարարումը, եթե համարի, որ դրանց փոխանցումը կվնասի ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին։

Նախագահ Ջո Բայդենը պաշտպանել է փաստաթուղթը և կոչ արել Կոնգրեսին՝ հնարավորինս արագ ընդունել այն։

Օրինագծի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում նախատեսված է ապրիլի 20-ին։ Օգնության փաթեթը բաղկացած է երեք մասից՝ աջակցություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։ Յուրաքանչյուր փաթեթի քվեարկությունը տեղի կունենա առանձին։

Փաստաթղթի համաձայն, 60 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթից մոտ 23 միլիարդը կուղղվի ԱՄՆ-ի զինանոցի համալրմանը, 14 միլիարդ դոլարը՝ Կիևի համար զենք գնելուն, ավելի քան 11 միլիարդը նախատեսվում է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին, 26 միլիոն դոլարն էլ կուղղվի Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկմանը: Իսրայելի և Թայվանի աջակցության փաթեթները ներառում են համապատասխանաբար 26 և 8 միլիարդ դոլար:

Օրինագծի ընդունվելու դեպքում Սպիտակ տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում Կոնգրես ուղարկի Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ ռազմավարությունը, իսկ երկու ամսվա ընթացքում համաձայնագիր կնքի Կիևի հետ տրամադրված օգնության վերադարձի վերաբերյալ։ Նախագահը կկարողանա տրամադրել պարտքի մինչև կեսը այս տարվա նոյեմբերի 15-ից ոչ շուտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ