Մեծ Բրիտանիայի ռազմական հրամանատությունը մտադիր է վերջին 20 տարում բրիտանական բանակի պահեստազորի ամենամեծ զանգվածային զորավարժությունն անցկացնել՝ գնահատելու ավելի քան 10․000 «հանգստյան օրվա մարտիկների» «տեղակայման պատրաստությունը», գրում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայի պահեստազորը նախապատրաստելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բրիտանական բանակի ղեկավար, գեներալ սըր Պատրիկ Սանդերսը հայտարարել էր, որ ուկրաինական պատերազմի առիթով Մեծ Բրիտանիան պետք է հանրությանը մարտական պատրաստության բերելու քայլեր ձեռնարկի:
Թեև որևէ ենթադրություն չկա, որ «հանգստյան օրվա մարտիկների» զորակոչը կապված է Ուկրաինայի պատերազմի հետ, սակայն գեներալ Սանդերսը շատ հստակ հասկացրել է Ռուսաստանի կողմից Արևմուտքի հանդեպ աճող սպառնալիքի մասին:
Հեմփշիր կոմսության Անդովեր քաղաքում գտնվող ցամաքային զորքերի շտաբի ավագ սպաները համակարգելու են սեպտեմբերի զորավարժությունները, որպեսզի որոշեն, թե քանի պահեստային պատրաստ կլինի ինքնակամ զորակոչվել անհրաժեշտության դեպքում։