Սաքսոնիայի նահանգային ընտրություններից մի քանի շաբաթ առաջ անհայտ անձինք կրակել են Դրեզդենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի SPD կուսակցության շտաբի ուղղությամբ, գրում է Bild-ը։ Սաքսոնիայում Սոցիալ-դեմոկրատների գրասենյակը տեղակայված է Դրեզդենի հին քաղաքում, Էլբա գետի վրա գտնվող տեղական խորհրդարանի հարևանությամբ։
Հունիսի վերջին ոստիկանները երրորդ հարկի պատուհանների վրա հրազենային գնդակների անցքեր են հայտնաբերել, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։
Հետաքննության արդյունքներով՝ վնասը կարող էր պատճառվել հրազենից։ Սակայն բուն գնդակները դեռ չեն հայտնաբերվել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ապակու անցքերը համապատասխանում են մոտ հինգ միլիմետր տրամաչափի։
Միջադեպի հետաքննությունը ստանձնել է Գերմանիայի պետական անվտանգության ծառայությունը։
«Այն փաստը, որ այս պահին չի կարելի բացառել նման հանցագործության քաղաքական դրդապատճառը, մեզ դրդել է մտածելու անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին։ Բայց մի բան պարզ է. մեզ ոչ մի դեպքում չի վախեցնի»,- հայտարարել է Սաքսոնիայի SPD-ի ղեկավար Հենինգ Հոմանը:
Մայիսի սկզբին Դրեզդենում աջ ծայրահեղական Erblandrevolte խմբավորման անդամները հարձակվեցին SPD քաղաքական գործիչ Մաթիաս Էկեի վրա, երբ նա Եվրախորհրդարանի ընտրություններին նվիրված նախընտրական պաստառներ էր փակցնում։ Էկեն հիվանդանոց է տեղափոխվել աչքի խոռոչի և այտոսկրի կոտրվածքով: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներին և այժմ նրանք դատավարության են սպասում։