Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճան ըստ Ցելսիուսի: Դրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Ըստ նրա՝ Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։
«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդը և այլ կազմակերպություններ ծայրահեղ շոգի ծավալների, ինտենսիվության, հաճախականության և տևողության շեշտակի աճ են արձանագրել», – ընդգծել է Գուտերեշը:
Պաշտոնական գնահատականներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում, ինչը մոտ 30 անգամ ավելի է, քան արևադարձային ցիկլոնների հետևանքները, հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։