Հնդկաստանի խոշորագույն նավահանգիստների շուրջ 20 հազար աշխատակից, ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրվանից գործադուլ կհայտարարի՝ պահանջելով անհապաղ վերանայել աշխատավարձերը և կենսաթոշակային նպաստները, երեքշաբթի հայտնել են արհմիությունները:
Ըստ Reuters-ի՝ գործադուլի հետևանքով տարբեր նավահանգիստներում մատակարումներն ու բեռների պահուստային պահպանությունը կհետաձգվեն, ինչը այլ ասիական և եվրոպական նավահանգիստներում կբարձրացնի բեռնափոխադրումների ծախսերը և կսրի գերբեռնվածությունը:
«Բանակցությունները փակուղի են մտել, քանի որ արհմիությունների դաշնությունները պահանջում են աշխատավարձի մոտ 10,6 տոկոսով բարձրացում, մինչդեռ կառավարությունը կանգնել է 6 տոկոսի վրա», – նշել է արհմիության ավագ անդամ Սաթյա Նարայանանը:
Արհմիության աշխատակիցները երեքշաբթի հանդիպել են Հնդկաստանի բեռնափոխադրումների դաշնային նախարար Սարբանանդա Սոնովալին:
Նավագնացության նախարարությունը 2021 թվականի մարտին ձևավորել էր երկկողմանի աշխատավարձի բանակցային հանձնաժողով, և աշխատողները վեց ամիս անց ներկայացրել են իրենց պահանջները՝ նախքան նույն տարվա դեկտեմբերին նախորդ համաձայնագրի ժամկետը լրանալը, ըստ արհմիությունների ղեկավարների ստորագրած և Reuters-ի տրամադրության տակ հայտնված հուշագրի:
Թեև աշխատավարձի շուրջ բանակցությունների հանձնաժողովը յոթ անգամ հանդիպել է, չի կարողացել բավարարել նավահանգստի աշխատողների պահանջները, ասված է հուշագրում: Աշխատանքային խումբը Թամիլնադ նահանգի հարավային նավահանգստային քաղաքում՝ Թութուկուդիում հանդիպումից հետո համաձայնել է այս ամիս գործադուլ սկսել: Ակնկալվում է, որ գործադուլը կանդրադառնա այնպիսի նավահանգիստների վրա, ինչպիսին են Չեննայը, Կոչինը և Մումբայը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 1,62 միլիարդ տոննա: