Հանրապետության հրապարակի շատրվանները, այսօր՝ մարտի 21-ին, գործարկվել են:
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը:
Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին, բացի երեքշաբթիներից, որը սանիտարական օր է հայտարարված: Ջրային այս կառույցն առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:
Այս օրերին բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին: