fbpx
Իրավական

Հարուցվել է քրգործ՝ Լոռու մարզում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչպես նաև՝ փայտով, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրանց: Միջադեպի արդյունքում, հրազենային մարմնական վնասվածքներով, Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք անձ:

Բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ նշված անձանցից մեկի մոտ ախտորոշվել է ձախ թիակի ու ծոծրակային շրջանների հրազենային, երկրորդի մոտ՝ գլխի շրջանի հրազենային և գլխուղեղի արյունազեղում, իսկ երրորդի մոտ՝ աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածքներ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 7 անձ ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողներից երեքը եղբայրներ են, իսկ մյուս չորսը՝ նույնպես ազգակցական կապերի մեջ են գտնվում վերջիններիս հետ:

Ըստ քննության տվյալների՝ վիճաբանող մյուս կողմի մասնակիցներն էլ միմյանց հետ են ազգակցական կապերի մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և այլն:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ