Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող: «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո:
Ինչպես օրեր առաջ հաղորդել էինք, ծրագրերից մեկը հաղթել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ «COBRAIN Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլիացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում»: Թեման նեյրոգիտության բնագավառից է: COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ կհանդիսանա ուղեղի հետազոտությունների ոլորտում՝ ազգային մրցունակությունն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար: COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի և Լունդի համալսարանների հետ՝ ծրագիրը հնարավորություն կընձեռի հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կկատարելագործվեն երիտասարդ հետազոտողների հմտությունները, կընդլայնվեն հետազոտական կարիերայի հնարավորությունները, կզարգանան համալսարանի նորարարական կարողությունները: Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը, և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները՝ հիմնարար և տրանսլիացիոն նեյրոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարական ծրագրերին ընդառաջ:
Ծրագրերից երկրորդը՝ «Մագնիսական նանոհիբրիդները՝ քաղցկեղի բուժման համար», ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) կոորդինացմամբ: Այն ուղղված է քաղցկեղի բուժման անվտանգ և արդյունավետ եղանակի մշակմանը՝ հիմնված ՖՀԻ-ում սինթեզվող նախանշված հատկություններով մագնիսական նանոհիբրիդային նյութերի միջոցով փոփոխական մագնիսական դաշտում գերտաքացման (հիպերթերմիա) եղանակով քաղցկեղային բջիջների ընտրողական քայքայման վրա: Նախագծում որպես գործընկեր կազմակերպություններ են ներգրավված Դույսբուրգ-Էսսենի համալսարանը (Գերմանիա), Սալոնիկիի Արիստոտել համալսարանը (Հունաստան) և Ինտելիջենցիա ընկերությունը (Լյուքսեմբուրգ): Նախատեսվում է, որ նախագծի ընթացքում, բացի մագնիսական նանոհիբրիդների կառուցվածքային ու մագնիսական բնութագրման և դրանց բժշկական կիրառությանն ուղղված աշխատանքներից, նաև կզարգանա ու կամրապնդվի ՖՀԻ-ի գիտական և տեխնոլոգիական ներուժը, կմշակվի գիտական և ինովացիոն գործունեության ռազմավարություն՝ ուղղված նշված ոլորտում ՖՀԻ-ի գերազանցության ապահովմանը, երիտասարդ գիտնականների կարիերային առաջընթացին, միջազգային գիտական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության պաշտոնական կայքը։