Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիբիան: Երկրում իրավիճակը լարվում է: Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ իր վերահսկողության տակ է վերցրել մայրաքաղաք Տրիպոլին ու ևս 2 քաղաք, Իսկ Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում հանդիպել են՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը:
«Անհապաղ դադարեցրե՛ք Տրիպոլիի վրա հարձակումը»,- այսպիսի կոչով են հանդես եկել Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում կայացած հանդիպումից հետո:
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ պետք է զգուշանալ Լիբիայում քաղաքական պատերազմի նոր փուլից: Իսկ Լիբիայում իրավիճակը սրվել է ապրիլի 4-ին, այն բանից հետո երբ մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը փորձել է ընդլայնել իր վերահսկողության գոտին:
Լիբիայի ազգային բանակի խոսնակն էլ հայտարարել է, որ իրենց ուժերը մայրաքաղաքի շրջակայքում իրականացնում են «Արժանապատվության պոռթկում օպերացիան»: Խոսնակը Տրիպոլիում ապրող մարդկանց բացատրել է, որ այս օպերացիայի նպատակն է ազատագրել մայրաքաղաք Տրիպոլին և Լիբիայի ամբողջ տարածքը հանցագործներից և ահաբեկիչներից:
«Մեր բանակը գալիս է ձեզ փրկելու ահաբեկիչներից և հանցագործներից, որ դուք կարողանաք ապրել ապահով և արժանապատիվ:»
Նա նշել է, որ արդեն իսկ իրականացված գործողությունների ընթացքում նրանց հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Ղարյան և Էլ-Ազիզիա քաղաքները: Խոսնակը նաև հայտնել է, որ գործողությունների ընթացքում զոհվել է ազգային բանակի 5 զինվոր:
Լիբիայում տիրող իրավիճակին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը: Կառույցը երեկ արտահերթ նիստ է գումարել և կոչ էր արել «Լիբիայի ազգային բանակ»-ի հրամանատար Խալիֆա Հաֆթարին դադարեցնել հարձակումը մայրաքաղաք Տրիպոլիի վրա, որտեղ տեղակայված է երկրի կառավարությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այդ նիստից հետո մեկնել է Լիբիա բանակցություններ վարելու մարշալ Խալիֆա Հաֆթարի հետ: Հանդիպումից հետո գլխավոր քարտուղարը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Լիբիան լքում եմ ծանր սրտով ու խորը մտահոգություններով: Ես դեռ հույս ունեմ, որ հնարավոր կլինի խուսափել արյունալի հակամարտությունից Տրիպոլիում և քաղաքի շուրջ: ՄԱԿ-ը հակված է քաղաքական լուծմանն աջակցելուն, և ինչ էլ լինի, հավատարիմ կլինի Լիբիայի ժողովրդին աջակցելուն»։
Հիշեցնենք, որ 2011-ին Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո երկրի նախկին բռնակալ Մուամար Քադաֆիի ռեժիմը տապալվեց, իսկ նրա դեմ միասնաբար հանդես եկող ուժերի միջև սկսվեցին հակասություններ: