Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» էր։
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել էին տեսանյութը և հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերվել էր ոստիկանություն։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել էր ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Քրեական գործի հարուցումից հետո «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոստիկանությունում որպես կասկածյալ հարցաքննվել է:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քննությունը շարունակվում է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։