«Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայկական աժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին, ժամը 12:00-ից 18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային Ժողովի դահլիճում` Ապրիլի 5-ին տրանսգենդերների ելույթին:
«Կամքի» նախաձեռնող խմբի անդամներին դրսում հանդիպեցին «Քաղաքացիական Պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները` միմյանց վրա բարդելով ԱԺ-ում տեղի ունեցած աններելի արարքի պատասխանատվությունը:
Բայց, ահա’, այսօր առավոտյան, ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ անքննելի ապացույցներ է բերում, ըստ որոնց` դեպքի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուսերին: Բացի այդ, Մ. Կարապետյանը ՀՀ ԱԺ դահլիճում բացահայտ ստել է և փորձ արել տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կապել Նաիրա Զոհրաբյանի անվան հետ:
«Կամքն» արդեն հայտարարել է, որ հայկական ընտանիքի, հայ մոր ու մանկան իրավունքների նկատմամբ կազմակերպվող ոտնձգություններից արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը:
Արդ, ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության 16-րդ և 18-րդ հոդվածներին` պահանջում ենք, որ`
ա.ՀՀ ԱԺ-ում անհապաղ շրջանառության մեջ դնել, քննարկել և ընդունել մեր կողմից ներկայացվող «Երեխայի իրավունքների մասին ՀՀ 1996թ. մայիսի 29-ի» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը միտված է ՀՀ-ում արգելել արատավոր երևույթների քարոզումը:
բ. ՀՀ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը ձեռնարկի միջոցառումներ` նման խայտառակություններից ԱԺ-ն զերծ պահելու համար և այդ միջոցառումների մասին հրապարակավ տեղեկացնել հայ հանրությանը:
գ. ՀՀ ԱԺ-ին և համայն հայությանը ստելու համար՝ Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից:
Հանուն ավանդական հայ ընտանիքի արժեքների` մեր պայքարը մտնում է նոր փուլ, սակայն, կոչ ենք ուղղում բոլորին զերծ մնալ ներքաղաքական շահարկումներից, քաղաքական իրավիճակն ապակայունացնելուց ու հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելուց: Սա պայքար է հանուն խաղաղ ու համերաշխ Հայաստանի, ժողովրդավարության և համայն հայության ավանդական իրավունքների»: