Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 7, յուրացման կամ վատնման 5, բնակարանային գողության և սպանության սպառնալիքի 4-ական, մարմնական վնասվածք հասցնելու 3, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 2-ական, հարկերից խուսափելու, ծեծի, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորությունների անցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, սպանության, բնակարանային գողության, մարմնական վնասվածք հասցնելու, գույքի դիտավորությամբ վնասելու, ավտոմեքենա փախցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: