fbpx
Իրավական

ԱԺ նախագահի արձագանքը Էդմոն Մարուքյանի ելույթին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 16-ի Ազգային ժողովի նիստում արտահերթ ելույթ ունեցավ և, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին այն մասին, որ իրեն զարմացնում են ՍԴ դատավորի թեկնածուի քննարկման ընքացքն ու շեշտադրումները, ասաց.

«Պարոն Մարուքյանը ճիշտ տեղ հասավ, այդտեղից կշարունակեմ. ինչո՞ւ է ԱԺ նախագահն ընդունել այս թեկնածությունը, եթե այն ֆորմալ առումով այդքան խոցելի էր: Հանրապետության նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ինչպես հարկն է, այստեղ ուսումնասիրել ենք փաստաթղթերը, պարզել, որ թեև Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է, օրենսդրության համաձայն՝ լեզվի մասին օրենքով և այլ իրավական ակտերով, պետական մարմինները պարտավոր են փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթացը, օրենքի իմաստով գործավարությունը կատարել գրական հայերենով: Ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասը հայերեն թարգմանություն չեն ունեցել, ներկայացված են եղել օտար լեզվով, տվյալ դեպքում՝ գերմաներեն, բացի այդ, օրենքը հստակ սահմանում է՝ ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացվեն»:

ԱԺ նախագահը ապա թվարկեց, թե ինչ փաստաթղթերի ներկայացման պահանջ է սահմանվում օրենքով. կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ թեկնածուի իրականացրած մասնագիտական գործունեության ներկայացմամբ, համապատատասխան ապացույցներ, այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկող աշխատանքում աշխատանքային պարտավորությունները:

«Եթե իրավացիորեն հարցնում եք՝ ապացույցները կցված չէին, հայերեն չէր և այլն, ինչո՞ւ եք ընդունել, ասեմ՝ որովհետև կարելի է կառչել օրենքի տառից և խանգարել իրավասու մարմնին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները: Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է: Ո՛չ, օրենքի տառը երբեք պետք է գերակա չլինի օրենքի ոգու նկատմամբ, պետք է թեկնածությունը գրանցել և հնարավորություն տալ՝ առաջարկելով շտկել ձևական սխալները: Սրա համար ես գրանցել եմ թեկնածուին և գրությամբ դիմել հանրապետության նախագահին՝ առաջարկելով լեզվական և այդ ապացույցների մասով շտկումներ անել, ի պատասխան՝ ստացել եմ նամակ, որտեղ մանրամասն նկարագրված է թեկնածության ձևավորման մրցույթի պրոցեսը»,- հավելեց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանն ասաց, որ իրեն հայտնել են՝ նախկինում այլ լեզուներով ներկայացված են եղել տարբեր թեկնածուներ, ԱԺ-ն առարկություն չի ունեցել, ասել են՝ պահանջը կփոխանցեն թեկնածուին, որից հետո նա ներկայացրել է նոր փաստաթղթեր, ընդ որում՝ նոր փաստաթղթերով ոչ թե հիմնավորվում են նախորդ կենսագրական քարտում կամ CV-ում նշված տվյալները, այլ ներկայացվում են նոր կենսագրական տվյալներ:

Միրզոյանը ելույթի ավարտին հիշեցրեց, որ հայ մարզիկները՝ Արսեն Ջուլֆալակյանը և այլք, փառահեղ մասնակցություն են ունեցել և մեդալներ են բերել և առաջարկեց ծափահարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ