Ֆրանսիան հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման մրցույթ է հայտարարել:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ մրցույթին կարող են մասնակցել ամբողջ աշխարհի ճարտարապետները: Ըստ վարչապետի՝ նոր աշտարակը պետք է համահունչ լինի նոր տեխնոլոգիաներին և ժամանակի ոգուն, գրում է BBC-ին:
93 մետրանոց աշտարակը կառուցվել էր XIX դարում, նրա կառուցումը 23 տարի է տևել: Աշտարակի կարկասը բաղկացած էր 500 տոննա փայտից, իսկ վրայից ՝ 250 տոննա արճճե սկավառակներ էին: Բարձր ջերմաստիճանի պայմաններում արճիճը հալվել է՝ թունավոր ծխի աղբյուր դառնալով:
Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ աշտարակի վերստեղծման համար կարող է օգտագործվել տաճարի մոդելը Assassin’s Creed Unity 2014թ. խաղից: Խաղի գործողությունը ծավալվում է XVIII դարի Փարիզում: Նկարչուհի Քերոլին Միուսսը, որն աշխատել է խաղի վրա, 2 տարի է ծախսել Փարիզի Աստվածամոր տաճարի առավելագույնս ճշգրիտ վիրտուալ պատճենը ստեղծելու վրա: