ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին ընդունել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին, Արմենակ Ուրֆանյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Կանադայի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանին և Հայկ Լապոյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերում: Աննա Հակոբյանը շեշտել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:
«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:
Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկե թափոնների» ծրագրի, հիմնական ուղղությունները: Ղազարյանը շեշտել է, որ ծրագիրը իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որպեսզի մարդիկ հրաժարվեն կիրառել պլաստիկե իրեր:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: