Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց քաղաքացիների հարցերին: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ վարչապետը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական քաղաքականությունը մտադիր է շարունակել նույն կերպ:
«2019 թվականից հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնք ցածր են եղել սպառողական պարենային զամբյուղից՝ բարձրացվել են, որպեսզի այդ մարդկանցից ոչ ոք սոված չի մնա»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ պետք է շարունակել այդ սոցիալական քաղաքականությունը, աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց:
Վարչապետն ասաց, որ պետք է մտածել՝ ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց տաղանդն օգտագործելու հնարավորություն ունենան։
«Հաշմանդամություն ունեցող մարդիկ հենց այսօրվա Հայաստանում պետք է իրենց առավել լավ զգան: Այսօր ՀՀ Կառավարությունում կա հաշմանդամություն ունեցող երկու նախարար՝ ՀՀ Արդարադատության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի: Սա նաև ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի սխալ մոտեցում է այն, որ Հայաստանում շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձն ընկալվում է որպես մարդ, ով ունի կարեկցանքի, բարեգործության, քնքշանքի կարիք:
«Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվել որպես լիարժեք քաղաքացու, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ունի հասարակության լիարժեք մաս կազմելու իրավունք»,- ասաց վարչապետը: