fbpx
Հասարակություն

Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված կլոր սեղանին

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը ապրիլի 23-ին մասնակցեց Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպված՝ «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» խորագրով կլոր սեղանին։

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ձեռնարկը, որը կազմակերպել էին Կիևի հայ համայնքը, Միջազգային հարաբերությունների ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, նվիրված էր Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին։

Կլոր սեղանի բացման խոսքով ելույթ ունեցավ ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Կորինևիչը։ Գիտնականը համերաշխություն հայտնեց հայ ժողովրդին, խոսեց «ցեղասպանություն» եզրույթի պատմության մասին։

Դեսպան Սեյրանյանը նախ ներկաներին շնորհավորեց Ուկրաինայում անցկացված ժողովրդավարական, թափանցիկ նախագահական ընտրությունների առթիվ, այնուհետև հանգամանալիորեն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա միջազգային ճանաչմանն ու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Կլոր սեղանին ելույթներով ու զեկույցներով հանդես եկան Ուկրաինայում Կիպրոսի դեսպան Լուիս Տելեմախուն, Սլովենիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մաթեա Կրախունը, Լվովի արվեստի ազգային ակադեմիայի դոցենտ, հայտնի հայագետ Իրինա Հայուկը, Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության դիտորդական խորհրդի անդամ Իոսիֆ Զիսելսը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը։

Ձեռնարկին ներկա էին անվանի բուհի բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ