Ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում ներկայացվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը: Զեկուցող, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար:
Զեյնալյանն ասաց, որ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխություն կատարելուց և տարբերակված մոտեցում ցուցաբերելուց: Նա մեջբերեց «Հիմնադրամների մասին» օրենքի 3-րդ հոդվածը, որի համաձայն՝ հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ: Նախարարն ասաց՝ առաջարկվում է այս հիմնադրամի համար բացառություն չանել:
«Մե՞ծ գումարներ են, որ վճարում են»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Նախարարն ասաց, որ վճարում են տարեկան 80-90 հազար դրամ:
«Եթե այդպես է, իսկապես, այսինքն՝ եթե գործնական ինչ-որ խնդիր լուծեր և շահառուների թիվն ավելանալու հնարավորություն ստեղծվեր, կարող էինք քննարկել, բայց ուղղակի ձևի համար ի՞նչ իմաստ ունի: Սփոփիչ լուր է, որ հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնվեց մինչև 2008 թ. հունվարի 1-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերը: Մեր՝ պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածությունն այն է, որ այս պրոցեսը, ստանձնված բոլոր պարտավորությունները լիարժեք իրականացվեն, այս գործընթացը կշարունակենք»,- ասաց նա: