Կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է և առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես բանակում կարգապահության ամրապնդմանն ու բողոքարկման մեխանիզմների կատարելագործմանը, այնպես էլ զորակոչիկների և զինծառայողների բժշկական հետազոտության պրակտիկային:
«Զինվորական ծառայության անցնելիս քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց առողջական խնդիրները պատշաճ հետազոտվել են, իսկ անհրաժեշտության դեպքում հասանելի են բողոքարկման բոլոր հնարավորությունները: Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ զինվորական կարգապահությունը բանակում իրավունքի գերակայության կարևոր երաշխիք է», – նշել է Արման Թաթոյանը:
Նիստի ընթացքում նաև կարևորվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության իրավունքի իրացման հարցը, ինչը վերը նշված խնդիրների հետ մեկտեղ հատուկ ուշադրության է արժանացել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում քննարկված խնդիրները ամփոփել և ներկայացնել Պաշտպանության նախարարություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական կայքից։