fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցի հագեցած ծրագիրը չեխ գործընկերներին հնարավորության կտա ծանոթանալու այն իրողություններին ու զարգացումներին, որոնք առկա են նոր Հայաստանում: Նա բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջև ձեւավորված կապերը` նշելով, որ թե այս այցը, թե ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորված պատգամավորական բարեկամական խումբը նոր խթան կհանդիսանան հետագա փոխգործակցության համար:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` ընդգծելով, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է այն ու դրա ամբողջական իրականացման ուղղությամբ ակնկալում ակտիվ համագործակցություն:

Խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական է համարել, որ չեխ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան է այցելել այն օրերին, երբ ոգեկոչվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրակացված հայերի Ցեղասպանության նահատակների հիշատակը: Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հիշատակելով այն ի թիվս մարդկության դեմ գործած հանցագործությունների:

«Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու սկզբունքին»,-նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ մեր իշխանությունները միջազգային հանրությունից ակնկալում են հավասարակշռված դիրքորոշում և սատարում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Մենք եկել ենք տեսնելու այն քայլերը և ծանոթանալու այն ծրագրերին, որոնք իրականացվում են նոր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո»,-նշել է Մարեկ Բենդան, ով նաև Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Նա ներկայացրել է այն միջոցառումները, որոնք Չեխիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 104-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են ու ելույթներ ունեցել նաև չեխ պատգամավորները: «Մենք շնորհակալ ենք հայերից, որ հիշում են իրենց անցյալը և ոգեկոչում իրենց նախնիների հիշատակը»,- ասել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը:

«Բոլոր հակամարտությունները, այդ թվում ԼՂ հիմնահարցը, պետք է հանգուցալուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Չեխիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,-հավաստիացրել է Մարեկ Բենդան:

Սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք իրականացվել են իր երկրում հետհեղափոխական շրջանում` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն ունի այդ ճանապարհն անցնելու իր յուրահատկությունները: Նա հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի ոչ միայն միասնական, այլև երկկողմ համագործակցության ձեւաչափում:

Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձել է այն առաջնահերթություններին, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին. ժողովրդավարության ամրապնդում, համակարգվածև հետեւողական պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության զարգացմանն ու դատական համակարգի առողջացմանն ու անկախացմանը միտված քայլեր:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առկա ներուժին, մասնավորապես` առեւտրատնտեսական համագործակցությանը:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի` Հայաստան այցելելու հրավերը` ընդգծելով, որ խորհրդարանական հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ դերակատարություն ունի երկու երկրների միջև կապերի հետագա խորացման ու ընդլայնման գործում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ