Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն այսօր մեկնաբանեցին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպը։ Գաբրիելյանը չբացառեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի բացումն ու այս հարցի քննարկումը, բայց պնդեց, որ դեռ վաղ է դրա համար։
Գաբրիելյանի խոսքով՝ առաջիկա օրերին գուցե Բագրատյանն էլ հանդես գա հրապարակային խոսքով ու ներողություն խնդրի կամ այլ հայտարարություն անի, և ըստ դրա` պարզ կլինի՝ Էթիկայի հանձնաժողովում նման քննարկման կարիք կա, թե ոչ։ Նա ասաց, որ դեռ չի խոսել Բագրատյանի հետ, չգիտի նրա դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։
Մակունցն իր հերթին ասաց, որ իրենք եղելությունից տեղյակ են միայն լրատվամիջոցների հրապարակումների, տեսանյութերի հիման վրա։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ միջադեպն ինքնին տհաճ է, բայց ոստիկանությունը պետք է պարզի փաստերը։ Իսկ թե միջադեպի մասնակից փոխմարզպետն իրենց պատմել է եղելությունը, թե ոչ, Մակունցը չասաց։
Նա նշեց, որ Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանն առաջիկայում հանդես կգա այս հարցի վերաբերյալ հայտարարությամբ։