Ապրիլի կեսին Էվերեսթ լեռան վրայից հավաքել են ավելի քան 3 տոննա աղբ: The Himalayan Times-ի տեղեկություններով՝ լեռը մաքրելու արշավի ժամանակ, որը Նեպալում սկսվել է ապրիլի 14-ին, հայտնաբերվել է նաև 4 դիակ:
Պաշտոնյաները նշում են, որ 45-օրյա արշավի ավարտին կհաջողվի հավաքել ընդհանուր 11 տոննա աղբ։
ABC-ի տեղեկություններով՝ լեռան վրա դեռևս կա մոտ 30 տոննա աղբ:
The Himalayan Times-ը հայտնում է, որ Նեպալի տուրիզմի դեպարտամենտը, տեղական իշխանության մարմինները և լեռնագնացների խմբերը միասին են աշխատում այս արշավի շուրջ, որն իր տեսակի մեջ առաջինն է:
Էվերեսթի գագաթը նվաճել է 5200 մարդ, այս տարի ծրագրում են լեռ բարձրանալ ևս 775 մարդ: Ընդ որում՝ լեռնագնացները հաճախ լեռան վրա են թողնում իրեր և աղբ:
1921 թվականին Էվերեսթը նվաճելու առաջին փորձի ժամանակից սկսած լեռը խլել է գրեթե 300 լեռնագնացի կյանք, որոնց երկու երրորդը թաղված է սառույցի և ձյան տակ:
Գլոբալ տաքացման պատճառով զոհվածների մարմինները սկսել են լեռան վրա երևալ: