ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայիսի 6-ին տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները:
Մինչև խորհրդակցության մեկնարկը Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանին՝ համատեղ աշխատանքի համար և պարգևատրել ԿԳՆ շնորհակալագրով: «Վստահ եմ, որ մասնագիտական դաշտում Լուսինե Մարգարյանը կշարունակի նույնքան արդյունավետ աշխատել»,-նշել է նախարարը: Լուսինե Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նախարարության աշխատակազմին՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ: Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նոր մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանին՝ վերջինիս մաղթելով արդյունավետ աշխատանք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի, գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հայտերի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ աշխատող ուսանողների վարձավճարները եկամտահարկից փոխհատուցելու նախագծի, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև ավագ դպրոցներում սննդի կազմակերպման վերաբերյալ և այլ հարցեր: