Մայիսին Հնդկաստանն Իրանից հում նավթի ներմուծումն ամբողջությամբ դադարեցրել է Իրանից էներգակիրների մատակարարումների պատժամիջոցների ժամկետն իր համար երկարաձգելու ԱՄՆ մերժումից հետո, լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպան Հարշ Վարդհան Շրինգլան:
Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ իր երկիրը Իրանից նավթի ներմուծման ամսական ծավալը նվազեցրել էր մինչև 1 մլն տոննայի: «Դրանով ավարտվել է, մենք այլևս Իրանից նավթ չենք գնում»,- ասել է Շրինգլան, որի խոսքը փոխանցել է PTI գործակալությունը: Նա նշել է, որ Նյու Դելիում հաշվի են առել ամերիկյան վարչակազմի մտահոգությունը՝ կապված մինչև ընթացիկ ամիս իրանական նավթի մատակարարումների հետ: Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ Իրանից նավթի ներմուծման դադարեցման որոշումը «Հնդկաստանի համար բարձր գին է ունեցել, քանի որ երկիրը բախվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու անհրաժեշտությանը»:
Գործակալությունը նշում է, որ իրանական նավթը ապահովում էր հարավասիական այս երկրի էներգետիկ պահանջմունքի շուրջ 10 տոկոսը: Հնդկաստան «սև ոսկու» խոշոր մատակարարների թվում են Իրաքը և Սաուդյան Արաբիան: