Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցները մասնավորապես արծարծել են հունիսի 10-ին Երևանում տեղի ունենալիք հայ-իտալական առաջին գործարար համաժողովի հետ կապված հարցեր: Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակում հնարավոր է իրականացնել արդյունավետ և փոխշահավետ գործակցություն: Այս առումով քաղաքապետարանն ակնկալում է իտալական ընկերությունների գործարար ակտիվությունը: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Վինչենցո դել Մոնակոն նշել է, որ փոխգործակցության ընդլայնման առումով կարևոր է տնտեսական համագործակցությունը: Դեսպանը հավելել է, որ քաղաքային մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավումը, տրանսպորտային նոր ցանցի ներդրումը և աղբի վերամշակումը, կարող են գործնականում հետաքրքրել իտալական ընկերություններին:
Երևանում կազմակերպվող գործարար համաժողովին կմասնակցեն ավելի քան 15 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, նաև տարբեր ընկերակցություններ: