Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին:
Փոխնախարարը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է առաջիկա երեք տարիների Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն առաջիկայում ներկայացվելու է հանրային քննարկման:
Քննարկման օրակարգային հարցերի շրջանակում Էվա Միլիսը տեղեկացրել է, որ համագործակցության ձևաչափով նախատեսում են անդրադառնալ արդարադատության համակարգի կառավարման, մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանուր համակարգի կատարողականի գնահատման խնդիրների ուսումնասիրմանը:
Փոխնախարար Խաչիկյանի հետ համաձայնեցվել են հետագա համագործակցության առաջնահերթություններն՝ ըստ ժամանակահատվածների, և նախատեսվող ուսումնասիրությունների ներառականության շրջանակները:
Հանդիպման ավարտին Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության կողմից սերտ համագործակցության հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։