Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է, քանի որ այն կատարվել է ՀՀ-ում: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության դատախազության հաղորդագրության մեջ:
«ՀՀ Երևան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն` Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Նկատի ունենալով, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, և դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը ևս պատկանում է նրանց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ջիվան Աբրահամյանը բերման էր ենթարկվել Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հնչեցրած սպառնալիքների կասկածանքով: Սպառնալիքներն ուղղված էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին: