Հայաստանի արտգործնախարարությունը նախաձեռնել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային օբյեկտների պաշտպանության մասին համաձայնագրի 70-ամյակին նվիրված միջազգային հանդիպման կազմակերպումը՝ ընդգծելու երկրի դերակատարումը մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում։ Այս միջոցառումը կօգնի ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքավորումը և աջակցություն ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամակցության հարցում։
Կառավարության որոշմամբ՝ միջոցառման անցկացման ծախսերը գնահատվել են 34.8 մլն դրամ, որոնք ներառում են հյուրերի ավիատոմսեր, հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտի և դահլիճի վարձակալություն, բեմի կահավորում, պաշտոնական ճաշեր և նյութերի տպագրություն։
Միջոցառման անցկացումը նպատակ ունի նաև ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիրների վրա՝ համաշխարհային հանրությանը ներկայացնելով այդ ուղղությամբ Հայաստանի փորձն ու կարողությունները։
Նշենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 18-19-ին Հայաստանը կընդունի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպումը։ Այս միջոցառումը, պայմանավորված Հայաստանի նախագահությամբ, կհանդիսանա հարթակ՝ ներկայացնելու խաղաղության մշակույթի, միջմշակութային երկխոսության և հնագույն քաղաքակրթությունների մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության հարցերում երկրի դիրքորոշումները։