Հունիսի 6-ին Կառավարության նիստի մեկնարկից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին։
«Որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են բռնությամբ քաղաքական հարցեր լուծեն։ Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում։
Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, ովքեր քաղաքում կշրջեն, որոշակի տրամադրություն կստեղծեն, լկտի պահվածքով աչքի ընկնեն և այսպես շարունակ։ Բայց ես ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ապա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։
Նրանց դեմ հակահարվածը պետք է լինի երկաթյա։ Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին։ Սկսած այն երևույթից, որ օրինակ Երևանի Ազատության հրապարակը որոշ մարդիկ ցանկանում են դարձնել երթևեկելի գոտի , ավտոմեքենաներով մտնեն ճռռիկներ անեն, ավտոմեքենաներ վարեն մայթերով։
Սա ըստ էության որոշակի նպատակով է արվում, որ ցույց տան, թե երկրում իբր հաստատված է անիշխանություն։ Ես ուզում եմ ասել, որ նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ թե պարզապես երթևեկության կանոների խախտում, այլ սրանք բացահայտ արհամարհանք են հասարակության նկատմամբ, պետության նկատմամբ։
Իսկ այդ սևազգեստ մարդկանց հարցը պետք է լուծել, նրանց բռնել ծաղկավոր շորեր հագցնել, բաբչկաներ կապել և ճանապարհ դնել քաղաքակիրթ կյանքին»,- ասաց վարչապետը։