ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հունիսի 6-ին հանդիպել է «Երևանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության «Երիտասարդների սոցիալական ինտեգրում սոցիալական ձեռներեցության միջոցով» կոնսորցիումային ծրագրի անդամների հետ, ովքեր Վրաստանի, Բելգիայի, Ուկրաինայի և Դանիայի առաջատար հաստատությունների ղեկավար փորձագետներ են:
Այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, զարգացումներին:
Պատգամավորը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին: Հայկ Կոնջորյանը խոսել է Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի, անցումային արդարադատության, դատական համակարգի բարեփոխումների, ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին:
Բանախոսն անդրադարձել է Ազգային ժողովի կառուցվածքին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների գործունեությանը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգին:
Կազմակերպության անդամները կարևորել են ՀՀ Ազգային ժողովի անկյունաքարային դերը պետական կառավարման համակարգում: