ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենքի նախագծի նոր փաթեթով առաջարկվում է ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները ներառել քաղաքական պաշտոնների ցանկում:
«Գործող կարգավորմամբ՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է։
Մեր կողմից առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։ Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար ևս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»,- գրել է Մարուքյանը:
https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2749202235151486/?type=3&theater