«Լուքինգ Ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամը /հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք․Ալավերդի/ միանձնյա ֆինանսավորվում է անգլիացի բարերար տիկին Անդրեա Ուայթի կողմից. 2016 թ. հուլիսի 1-ից վարձակալական հիմունքներով 3 տարի ժամկետով Ալավերդու համայնքապետարանից վարձակալել է Ալավերդու Սանահին թաղամասում գտնվող Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների թանգարանը:
Համաձայան պայմանագրի՝ հիմնադրամն իրականացրել է թանգարանի հիմնանորոգումը, ամբողջական վերազինումը, տեղացի էքսկուրսավարների վերապատրաստումը, կազմակերպել է նաև թանգարանի գովազդը:
Հիմնադրամի նպատակն է թանգարանը դարձնել ինքնաֆինանսավորվող մշակութային օջախ և այն ճանաչելի դարձնել զբոսաշրջիկների շրջանում: Ժամկետի ավարտին հիմնադրամը պարտավորվել է թանգարանը հետ վերադարձնել համայնքապետարանին:
2,5 տարվա ընթացքում թանգարանի վերանորոգման և շահագործման համար կատարվել է 50,673,925 դրամի ներդրում, որից տարեկան 2,193,000 դրամը վճարվել է համայնքապետարանին՝ որպես վարձակալական վճար:
Ներկայումս թանգարանը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին. հագեցած է հետաքրքիր և յուրահատուկ ցուցանմուշներով, ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն բացատրություն, 5 մշտական էքսկուրսավար: Թանգարանն աշխատում է շաբաթական 7 օր:
2018 թ. թանգարան կատարած այցելուների թիվը կազմել է շուրջ 4000 մարդ: Ըստ տուրիստական հեղինակավոր TripAdvisor.com կայքի՝ Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների թանգարանը Հայաստանում գործող թանգարանների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և համարվում է մարզային լավագույն թանգարանը:
Հիմնադրամը համայնքապետարանին առաջարկել է 1,5 տարի ժամկետով երկարացնել պայմանագիրը և պարտավորվել է շարունակել ներդումներ կատարել թանգարանում՝ նրա շարունակական զարգացումն ապահովելու համար:
Կատարված ներդրումը հիանալի փաստ է պետություն-մասնավոր հատված համագործակցության համար և հույս ունենք, որ այն կդառնա օրինակելի հետագայում ևս՝ մշակույթի բնագավառում ներդրումների ընդլայնման համար:
Նախկին պղնձարդյունաբերական քաղաք հանդիսացող Ալավերդիում հիմնադրամի գործունեության ընթացքում կատարվել է 200 մլն դրամի ֆինանսական ներդրում, որից գրեթե 51 մլն դրամը՝ Միկոյան եղբայրների թանգարանի զարգացման համար: Ներկայումս այն ապահովում է առնվազն 5 նոր աշխատատեղ՝ պետության գերակա ճյուղ համարվող զբոսաշրջության ոլորտում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։