Հունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զորակոչի և զինծառայության հետ կապված մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի` 2018թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման աշխատանքի արդյունքներին, հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների կապակցությամբ պաշտպանության նախարարի տված հանձնարարականների կատարման ընթացքին, օրենսդրական-իրավական կարգավորումների ենթակա, ինչպես նաև ընթացիկ զորակոչի հետ կապված խնդիրների:
Հասարակական խորհուրդը կշարունակի անմիջական մասնակցություն ունենալ զորակոչի գործընթացում` իր ջանքերը կենտրոնացնելով քաղաքացիների դիմումների և բողոքների լուծման ուղղությամբ: Կնախաձեռնվեն նաև հանդիպումներ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների հետ` հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների քննարկման նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։