Վրացական տարբեր ԶԼՄ-ների 31 աշխատակից է տուժել երեկ Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքի ժամանակ, որտեղ հատուկջոկատայինները արցունաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել: Այս մասին նշվում է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի հայտարարությունում։ Այս մասին հաղորդում է Վրաստան Online-ը:
Հինգշաբթի զանգվածային հակակառավարական ակցիայի ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն արցունաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձում էին ներխուժել խորհրդարան:
Կեսգիշերին Ռուսթավելի պողոտայում ակցիան սկսել էին ցրել հատուկջոկատայինները, ջրցաններ էին կիրառվել: Ընդհանուր առմամբ հանրահավաքին տուժել է 240 մարդ, այդ թվում 80 ոստիկան:
Խարտիայի տեղեկություններով՝ բոլոր տուժած լրագրողները վիրավորվել էին ռետինե փամփուշտներից: Օրինակ՝ Civil.ge հրատարակության լուսանկարչի վրա 11 ռետինե փամփուշտներ էին արձակել, «Ռուսթավի 2»-ի լրագրող Թամար Բաղաշվիլիի մոտ ուսի կոտրվածք էր հայտնաբերվել և նրան վիրահատություն էր պահանջվել: «Ռուսթավի 2»-ի անվտանգության ծառայության անդամ Գեորգի Սուլաշվիլին կորցրել է աչքը, կոտրվել է նրա ծնոտը և նրան նույնպես անհապաղ վիրահատություն է պահանջվել:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հավելենք, որ ցույցերի ֆոնին հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Իրակլի Կոբախիձեն։