Այսօր Մասիս քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա ասել է.
«Հիմա իրավիճակ է փոխվել, մենք պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել: Դեռևս հնարավորություն չի եղել աշխատելու»:
Սինանյանն ասաց, որ իր ռազմավարական ծրագրի առաջին քայլը ՌԴ համայնքի հետ աշխատանքն է, քանի այդ համայնքը ամենամեծն է և ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ: Նա նշեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում այն Հայաստանի համար մեծ պոտենցիալ է ներկայացնում:
Նա նաև հավելեց, որ 31 տարի ապրել է ԱՄՆ-ում և ունի մեծ կապեր, և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի: