ՀՀ Կոտայքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն։
«Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում: Եվ մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ևս մեկ ծանրակշիռ քայլ արվեց այդ ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում: Սարքավորումը ձեռք է բերվել սեփական միջոցների և լիզինգային ծրագրի համաֆինանսավորմամբ։
Առողջապահական ամենատարբեր խնդիրների դեպքում մեր քաղաքացիները որակյալ սպասարկման և արագ ու ճշգրիտ ախտորոշման հնարավորություն կունենան:
Իսկ կորոնավիրուսային համավարակի այս օրերին նման սարքավորման շահագործումն առավել կենսական նշանակություն ունի:
Մարզպետը, փոխմարզպետ Ա.Ավետիսյանի և Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ա.Չիլինգարյանի հետ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ինչպես նաև շրջեց բուժկենտրոնի բաժանմունքներում:
Բժիշկների հետ համավարակի այս փուլի վերաբերյալ տարբեր մտքեր փոխանակեցին, փորձեցին հասկանալ առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Մարզպետը բուժաշխատողներին փոխանցեց անձամբ իր և մեր հարյուրավոր քաղաքացիների կողմից ստացվող երախտիքի խոսքերը: Մեր բուժախատողներ ի մարտական ոգին ու նվիրվածությունը միայն հիացմունքի է արժանի:
Բուժկենտրոնի ղեկավարի հետ շրջեցին տարբեր բաժանմունքներով և ծանոթացան շենքի այն հատվածին, որի երկու հարկերում նախատեսվում է կենտրոնացնել ախտորոշիչ բաժանմունքն իր օժանդակ ծառայություններով: Քննարկեցին վերանորոգման և սենյակների վերաձև ավորման նախնական տարբերակներ:
Մարզպետը նշեց, որ համավարակի վերջնական հաղթահարումից հետո արդեն կխոսեն կորոնավիրուսի տված դասերի, թույլ տված բացթողումների ու սխալների մասին, իսկ այս փուլում բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ՀՎԿԱԿ-ի մարզային կենտրոնն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական անպահովության վարչությունը բարեխիղճ և հնարավորինս լավ են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները:
Նա ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն հայտնեց սպիտակ համազգեստով մեր առաջամարտիկներին, ովքեր ամիսներ շարունակ ուժերի գերլարումով պայքար են մղում բոլորիս կյանքերի համար»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2644062599249079&id=2059437317711613