Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար հարցերը, ադրբեջանական ԶՈՒ դուրսբերումը մեր տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը»,-ասաց փոխնախարարը:
Միաժամանակ, օրակարգի առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության և ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, իհարկե, տնտեսական ցնցումների հաղթահարումը:
2023 թ ընթացքում նախատեսվում է ՀՀ-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը կկայանա Բրյուսելում: Գործընկերության կոմիտեի նիստը ևս կկայանա Բրյուսելում: Երևանում կանցկացվի նաև Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հանդիպումը, նաև տարբեր ենթակոմիտեների հանդիպումներ՝ Երևանում և Բրյուսելում: