fbpx
Իրավական

Ադրբեջանական պատգամավորները վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ ՄԻՊ-ի հասցեին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը տեղեկացնում է, որ Ադրբեջանական պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ:

«Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է», – նշել է ադրբեջանական Միլլի Մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով Պաշտպանի հայտարարություններին:

«Ժամանակ առ ժամանակ ընկնելով լիակատար հիստերիայի մեջ, նա առաջ է քաշում պահանջներ, որոնց մասին նորմալ մարդը նույնիսկ չէր էլ մտածի։ (․․․․) Այս ամենը վկայում է մանիակալ շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ ունեցող մարդու անհամարժեք պահվածքի մասին»,- նշել է ադրբեջանական այլ գործիչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին։

Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ «Ա.Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին և լրատվամիջոցներին»:

Ադրբեջանական գործիչները մանրամասն «վերլուծել» են Արման Թաթոյանի կենսագրությունը, ԱՄՆ-ում ստացած կրթությունն ու աշխատանքային կենսագրությունը և ակնհայտ աղավաղելով ամեն ինչ՝ արել վիրավորական բնույթի, իրենց ձեռնտու եզրահանգումներ:

«Վատ չէր լինի՝ հայկական իշխանությունները ուշադրություն դարձնեին նրա (…) հայտարարություններին, որոնք հակասում են եռակողմ պայմանավորվածություններին», – շարունակաբար նշում են ադրբեջանական գործիչներն ու մամուլը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր հարցերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստագրել է Պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Արման Թաթոյանին ադրբեջանական քաղաքական ու այլ գործիչների կողմից, մամուլում հասցվող վիրավորանքի ու ատելության հրապարակումների հերթական ալիքը՝ դրանք միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ