fbpx
Հասարակություն

Ադրբեջանցի լրագրողը խեղաթյուրում է փաստերը

Փետրվարի 1-ից 5-ը Հայաստանում էր ադրբեջանական «Թուրան» (Turan) անկախ լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը (Şahin Hacıyev)։ Իր այցելության տպավորություններով Հաջիևը կիսվել է երեք մասից բաղկացած հոդվածաշարում։ Այդ հոդվածներում նա անհիմն պնդումներ է անում Հայոց ցեղասպանության, Հայաստանում «ադրբեջանական» հուշարձանների և Սամվել Կարապետյանի ծագման մասին։

Հաջիևի այցը բավականին մեծ հետաքրքրություն էր արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունըպարզաբանել էր, որ Հաջիևը հավատարմագրվել էր Հայաստանում լրագրողական գործունեություն ծավալելու համար։ Նրա հոդվածները հրապարակվել են ռուսերեն՝ contact.az կայքում (մաս 1, մաս 2, մաս 3), իսկ անգլերեն՝ turan.az կայքում (մաս 1, մաս 2,մաս 3

Ցեղասպանության պատմության աղավաղում

Հոդվածաշարում Հաջիևը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործում է «1915թ․ իրադարձություններ» եզրույթը։ Նա իր զարմանք է հայտնում, որ ըստ հայերի, «թուրքերը ուղղակի սպանել են մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի»։ Նրան այս փաստը անհասկանալի է թվում, և ըստ այդմ, նա փորձում է հասկանալ Ցեղասպանության «իրական» պատճառները։

Նա, մասնավորապես, հարցնում է, թե արդյո՞ք հայերը թուրքերի կողմից ճնշումների համար որևէ «առիթ» չեն տվել, օրինակ՝ ռուսական օկուպացիոն զորքերին օգնելը։ Հաջիևը հարցնում է նաև, թե արդյո՞ք հայերին չեն զինել Ռուսաստանը և արևմտյան տերությունները։

Ուշագրավ է, որ ռուսների հետ համագործակցության և այդ կերպ Թուրքիայից անջատվելու մասին թեզը առաջ է տարվում նաև թուրքական պետական քարոզչության կողմից։ Այդ կերպ փորձ է արվում ցույց տալ հայերի «անհավատարմությունը» Օսմանյան կայսրությանը և այդպիսով արդարացնել նրանց զանգվածային կոտորածները և տեղահանությունները։

Հաջիևը այսքանով չի բավարարվում և հետևյալ հարցադրումն է անում․ «Չպե՞տք է արդյոք կառավարությունը պաշտպանվի, եթե իր երկրի տարածքում ապստամբություն է բարձրանում»։ Սա, նկատենք, ևս թուրքական ժխտողականության ամենատարածվածթեզերից է, որը փորձում է, օրինակ, 1915թ․ Վանի ինքնապաշտպանությունը ներկայացնել որպես ապստամբություն՝ կենտրոնական իշխանության դեմ։

Սակայն արդարության համար պետք է նշել, որ հեղինակի կարծիքով, նույնիսկ եթե հայերը զենք բարձրացրած լինեին, դա նրանց սպանելու պատճառ չէր։

«Ադրբեջանական» հուշարձանների մասին

Հաջիևն իր հոդվածներում զայրույթ է հայտնում այն կապակցությամբ, թե իբր Երևանում և մայրաքաղաքից դուրս գտնվող «ադրբեջանական» հուշարձանները ներկայացվում են որպես պարսկական կամ թուրքմենական։ Որպես օրինակ՝ նա բերում Երևանի Կապույտ մզկիթը։ Այն կառուցվել է 18-րդ դարում, երբ Երևանը Պարսկաստանի մաս էր՝ որպես Երևանի խանություն, իսկ Երևանում, հայերից բացի, բնակվում էին պարսիկներ, թյուրքեր, և քրդեր։ Հետազոտող Ռուբեն Գալչյանն իր «Հորինված պատմություն» գրքում նշում է, որ պարսկական տիրապետության շրջանում Երևանում կառուցված մզկիթները չի կարելի համարել «ադրբեջանական», քանի որ դրանց կառուցման ժամանակ և ընդհանրապես պատմության ընթացքում դրանք այդպիսի կարգավիճակ չեն ունեցել, չնայած՝ Երևանում ադրբեջանցիներ ապրել են։

Հեղինակի նշած թուրքմենական հուշարձանը, ամենայն հավանականությամբ, Երևանի արվարձան Արգավանդում գտնվող Կարակոյունլու ցեղապետի հուշակոթողն է, որը Հայաստանում համարվում է թուրքմենական տիրապետության շրջանի հուշարձան։ Հետաքրքրական է, որ այդ հուշակոթող-դամբարանը վերականգնվել է 2002 թվականին, իսկ դրա բացմանը ներկա էր մեր երկրում Թուրքմենստանի դեսպանը։ Ինչ վերաբերում է Կարակոյունլուներին, ապա հեղինակավոր «Բրիտանիկա» հանրագիտարանը նրանց համարում է թուրքմենական ցեղերի համախումբ։

«Ղարաբաղցի» Սամվել Կարապետյանի և Փաշինյանի երդմնակալության մասին

Հաջիևը, հոդվածաշարի 3-րդ մասում խոսելով հայաստանցի-ղարաբաղցի ենթադրյալ հակադրության մասին, նշում է, որ «ծագումով Ղարաբաղից» ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը ներկա չի գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երդմնակալություն արարողությանը։ Հաջիևը, հավանաբար, չգիտի, որ Փաշինյանը չի հանդիսանում ՀՀ նախագահ և որ Հայաստանում այլևս վարչապետի առանձին երդմնակալություն չի լինում։ Փոխարենը՝ այժմ կառավարության բոլոր անդամներն են մասնակցում երդման արարողությանը, որին կառավարության անդամներից բացի, ներկա է գտնվում միայն ՀՀ նախագահը։

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին, ապա վերջինս ծնունդով Լոռվա մարզի Տաշիր քաղաքից է և որևէ կապ չունի Արցախի հետ, իսկ Հաջիևի պնդումը, թե նրա բացակայությունը Փաշինյանի երդմնակալությանը խոսում է հայաստանցիների և ղարաբաղցիների հակադրությունների մասին, ուղղակի անհեթեթ է։

Հովհաննես Նազարեթյան

https://fip.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ