Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԱԴՈւԱԽ) տեղեկացրել է 11 ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին Բաքվում հոկտեմբերի 19-ի հանրահավաքի նախօրեին։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Մամեդովը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին և նույն օրն էլ 10 օրով ձերբակալվել վարչական կարգով՝ մանր խուլիգանության մեղադրանքով։
- ԱԺՃ-ի մեկ այլ անդամ՝ Ալիաղա Մամեդովը, կալանավորվել է հոկտեմբերի 14-ին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել է ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով։
- ԱԺՃ երիտասարդական կոմիտեի նախագահության անդամ Նիջաթ Նիզամովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին և ձերբակալվել 15 օրով։
- ԱԺՃ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Մուրադ Սուլթանովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին։ Նույն օրը դատարանը նրան ձերբակալել է վարչական կարգով։
- ԱԺՃ Բինագադի բաժնի փոխնախագահ Յալչին Աբդուլաևը հոկտեմբերի 15-ին ենթարկվել է 15 օրվա վարչական ձերբակալության։
- Նազիմ Հասանովը՝ ԱԺՃ Լենքորանի բաժնի նախագահը, հոկտեմբերի 15-ին կանչվել է տեղի ոստիկանություն։ Բայց չի կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։
- Լենքորանի բաժնի մյուս անդամներ Կազիմ Հասանովին և Նիջաթ Իբադովին ոստիկանությունում կարգադրել են չգնալ հանրահավաքի։
- ԱԺՃ Մասալայի բաժնի ակտիվիստ Աթաշ Հուսեյնովը կալանավորվել է հոկտեմբերի 14-ին և մեկ օր հետո ազատ արձակվել նախազգուշացումից հետո։
- ԱԺՃ Ղարադաղի բաժնի անդամ Էլվին Մամեդովը կանչվել է ոստիկանություն հոկտեմբերի 12-ին և ազատ արձակվել մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո։
Բացի դրանից՝ ավելի վաղ ձերբակալվել էին և վարչական պատիժների ենթարկվել Սահլադար Իսքենդարլին (60 օր), Զամին Սալաևը և Էլհան Ալիևը (15-ական օր)։ ԱԺՃ 9 ակտիվիստ երկարատև բանտարկության է ենթարկվել քրեական մեղադրանքներով։
Իշխանություններն առաջարկել են ԱԴՈւԱԽ-ին հոկտեմբերի 19-ի հանրահավաքն անցկացնել Լոկբաթան գյուղում։ Բայց ընդդիմությունն առաջարկությունն անընդունելի է համարել և մտադիր է այն իրականացնել Բաքվի կենտրոնում, մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմացի հրապարակում։